Ակտիվիստները պետք է համաձայնվեին Հայաստանի նախագահի առաջարկին։ Այս մասին հունիսի 23-ին խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ ճիշտ կլիներ, եթե ցուցարարները 4-5 մարդ ընտրեին եւ գնային նախագահի հետ հանդիպմանը։ «ՀՀ նախագահի առաջարկն ապացուցում է երկխոսության պատրաստ լինելը, եւ ես ցավում եմ, որ մեր քաղաքացիները չեն գնացել այդ երկխոսությանը, որը նրանց պայքարին նոր որակ կհաղորդեր»,- նշեց Շարմազանովը։ Այս անգամ, նրա խոսքով, Ոստիկանությունն ու քաղաքացիները ընդգծված կերպով կոռեկտ են եղել միմյանց նկատմամբ։ Հարցին, թե այդ դեպքում ինչպես բացատրել ջրցան մեքենաների կիրառումը, փոխխոսնակը նշեց, որ Ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի լուսաբացին ՀՀ Ոստիկանությունը ցրել էր Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի նստացույցը։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամը 5։20-ին բարձրախոսով հայտարարել էր, թե նստացույցի մանսակիցների գործողություններն ապօրինի են, եւ սպառնում է ուժ կիրառել։ Նա հորդորել էր ցուցարարներին վերադառնալ Ազատության հրապարակ։ Նա նաեւ լրագրողներին հորդորել էր հեռանալ եւ չխոչընդոտել իրենց գործողություններին։

Ժամը 5։25-ի սահմաններում ոստիկանները սկսեցին ուժ կիրառել՝  ցուցարարների դեմ գործի դնելով ջրցանները։ Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Ոստիկանները Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ էին բերել, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։