Պահանջում եմ, բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակել: Նման հայտարարություն է տեղադրել Facebook-ի իր էջում ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա մասնավորապես, գրել է.

«Քիչ առաջ վերադարձա Մետրոպոլիտենի ոստիկանության բաժնից, որտեղ առավոտյան ժամը 6-ից բերման են ենթարկված շուրջ 14 քաղաքացի, որտեղ էր նաեւ արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի հայտնի գործիչ Գագիկ Գինոսյանը: Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո պարզվեց, որ կանայք տարվել են ալկոհոլի օգտագործման ստուգման, իսկ տղամարդիկ՝ նարկոդիսպանսեր: Կոնկրետ Մետրոպոլիտենի բաժնի ոստիկանությունից բողոքներ չկային, սակայն անխտիր բոլոր բերման ենթարկվածները բողոքում էին եւ պատմում, որ բռնությունների են ենթարկվել, իսկ 4 հոգուն ընդհանրապես տաքսի ավտոմեքենայի միջից են հանել եւ բերել բաժին:

Գագիկ Գինոսյանը պատմեց, որ նկատել է, որ օպերային երգչուհուն թեւերը ոլորած տանում են, նա միջամտել է եւ ասել, որ նա օպերային երգչուհի է, հարցրել է՝ «Ի՞նչ եք անում», այնուհետեւ նրան եւս բռնության ենթարկելով բերման են ենթարկել, ինչի մասին նա մանրամասն հայտարարություն կտա քննիչի մոտ:

Մետրոպոլիտենի բաժնի ոստիկանության պետն ինձ տեղեկացրեց, որ հարուցված է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:

Պետք է ասեմ, որ բերման ենթարկվածներն արդեն շուրջ 6 ժամ չէին կարողանում պարզել իրենց դատավարական կարգավիճակը: Ոստիկանապետից պահանջել եմ, որպեսզի բերման ենթարկվածների կարգավիճակը պարզեն, անձամբ պարզաբանել եմ նրանց սահմանադրական եւ դատավարական իրավունքները, ինչից հետո նրանք տարվել են քննիչի մոտ՝ կարգավիճակի հարցը լուծելու համար: Ինձ միացավ նաեւ տիկին Անահիտ Բաշխյանը, ով նույնպես պահանջում էր ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի եւ panarmenian.net-ի լրագրողները: Բախումների հետեւանքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18  հոգի, 237 քաղաքացի բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: