Դիմորդները «Ռուսաց լեզու» առարկայից միասնական քննություններ են հանձնում հիմնականում անգլերեն լեզվի փոխարեն: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, NEWS.am-ին տեղեկացրին Գնահատման եւ թեստավորման կենտրոնից՝ ավելացնելով, որ ռուսաց լեզվից այսօր միասնական քննություն է հանձնել մոտ 785 դիմորդ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում գործող 12 քննակենտորններում:

 «Ռուսաց լեզու հիմնականում հանձնում են անգլերենի փոխարեն տնտեսագիտական մասնագիտություններ ընտրած եւ բանասիրական դիմող դիմորդները: Եթե իրենց ավելի հեշտ է, հանձնում են ռուսաց լեզու անգլերենի փոխարեն: ԵՊՀ տնտեսագիտականի կամ Տնտեսագիտական համալսարանի համար մի քանի տարի այդպես է, կամ անգլերեն են հանձնում կամ ռուսաց լեզու»,- ասաց ԳԹԿ ներկայացուցիչը:

NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան դիմած Վարդան Ադամյանը նշեց, որ ստիպված է ռուսաց լեզվի քննություն հանձնում:

«Ռուսերեն եմ հանձնում, որովհետեւ դպրոցում ֆրանսերեն եմ անցել, իսկ էդ լեզուն իմ դուրը չի գալիս, ստիպված ռուսերեն եմ հանձնում: Ռուսերեն տարիների ընթացքում անցել ենք, ավելի հեշտ է ինձ համար: Իմաստ չկար 2-3 տարի անգլերեն պարապեի 0-ից, ավելի լավ ա՝ ռուսերեն պարապես: Միայն տնտեսագիտության խաթր եմ սկսել ռուսերեն պարապել»,-ասաց դիմորդը՝ ավելացնելով, որ 8 ամիս է ռուսաց լեզվի պարապմունքների հաճախել:

Նշենք, որ այսօր ավարտվեց միասնական քննությունների 1-ին փուլը: Քննությունների 2-րդ փուլը կմեկնարկի հունիսի 25-ին եւ կավարտվի հուլիսի 8-ին: 1-ին եւ 2-րդ փուլերին մասնակցած դրական միավորներ ստացած դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու միասնական քննությունների 3-րդ փուլին, որը կընթանա հուլիսի 15–20-ը: