Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող շախմատի դպրոց, հետեւել իրականացվող աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում: Շինարարական աշխատանքների ավարտից հետո այս դպրոցը եւս կկահավորվի համապատասխան գույքով ու կգործի անվճար: Առանձնակի կարեւորելով շախմատի դպրոցի կառուցումը՝ վարչական շրջանի ղեկավարն ընդգծել է, որ Նուբարաշենի շախմատասեր մանուկների եւ պատանիների համար այն իսկապես սպասված ծրագիր էր: Հարկ է նշել, որ այս տարի ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շահագործման կհանձնվի երկու շախմատի դպրոց, ինչի արդյունքում մայրաքաղաքի 11 վարչական շրջաններն ամբողջությամբ ապահովված կլինեն շախմատի դպրոցներով:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցի: Զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի, եկեղեցու հարակից տարածքը բարեկարգվել է, տեղադրվել են նստարաններ եւ աղբամաններ, իրականացվել է ծառատունկ:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել Նուբարաշեն վարչական շրջանի շուրջ 2 հա զբաղեցնող կենտրոնական այգու վերակառուցման էսքիզային տարբերակը: Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է կազմել այգու վերակառուցման նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը, որպեսզի այն ներառվի 2016թ.-ի այգիների բարեկարգման ծրագրում: Քաղաքապետը շրջել է այգում, զրուցել բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրները: Անդրադառնալով նուբարաշենցիների կողմից բարձրացվող հարցերին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ վարչական շրջանում արդեն իսկ գույքագրված են առկա բոլոր խնդիրներն ու, ըստ առաջնահերթության, առաջիկա տարիներին դրանք եւս հետզհետե լուծումներ են ստանալու: Նուբարաշենցիներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման հարցում դրսեւորած մշտական հետեւողականության ու մայրաքաղաքի ծայրամասային համարվող վարչական շրջաններում իրականացվող ծրագրերի համար: Քաղաքապետը նուբարաշենցիներին տեղեկացրել է, որ քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում առաջիկա տարիներին հարմարավետ պայմաններ կապահովվեն նաեւ վարչական շրջանի կենտրոնական այգում:
Շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետը հանդիպել է նաեւ վարչական շրջանի աշխատակազմի հետ: Առանձնակի կարեւորելով բնակիչների հետ մշտական կապի ապահովումը՝ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուների առջեւ հստակ խնդիր է դրել՝ բնակիչների հետ անմիջական շփման միջոցով առավել տեղեկացված լինել նրանց կողմից բարձրացվող խնդիրներին ու հնարավորին արագ լուծում տալ դրանց: Վարչական շրջանի ղեկավարի եւ աշխատակազմի պատասխանատուների հետ քննարկվել են նաեւ Նուբարաշենում նախատեսվող առաջիկա ծրագրերը:





























