Ոստիկանությունը դեռ պետք է ապացուցի, որ խաղաղ հավաքի անցկացմանը միջամտելը եղել է համաչափ եւ անհրաժեշտ: Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքացիական հասարակության ինստիտուտը:

Հայտարարությունում ասվում է.

«Երեւանի Բաղրամյան փողոցում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարեւանությամբ հունիսի 23-ին տեղի ունեցող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված խաղաղ հավաքը ՀՀ ոստիկանության կողմից վաղ առավոտյան դադարեցնելու արդյունքում ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերվել է 230-ից ավելի անձ:

Հավաքը դադարեցնելու, մասնակիցներին բերման ենթարկելու եւ դրան հաջորդող գործընթացներն ուղեկցվել են մի շարք խախտումներով: Ցուցարարների ազատությունը սահմանափակվել է օրենքով նախատեսված 3 ժամից ավելի՝ առանց դատավարական կարգավիճակ սահմանելու: Բերման ենթարկված անձանց մեծ մասը չի կարողանում օգտվել փաստաբանի ծառայություններից ոստիկանության կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով: Ավելին, այն անձինք, ում տրվել է վկայի կարգավիճակ, հարցաքննվելուց հետո բաց չեն թողնվել. նրանց ժամեր շարունակ փաստացի զրկել են ազատությունից՝ թմրամիջոցի կամ ալկոհոլի օգտագործման փաստը ստուգելու պատրվակով: Բերման ենթարկվածներից մի մասի գտնվելու վայրը հարազատների համար անհայտ է: Ոստիկանությունը նաեւ խոչընդոտել է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը եւ ուժ է կիրառել հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ «Ոստիկանությունը դեռ պետք է ապացուցի, որ խաղաղ հավաքի անցկացմանը միջամտելը եղել է համաչափ եւ անհրաժեշտ,- ասում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը,- իսկ այս պահին պարզ է, որ ցուցարարներին ոստիկանության բաժիններում պահում են անհիմն եւ օրենքի խախտումներով՝ նպատակ ունենալով ճնշել եւ նվաստացնել բողոքողներին»:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում է ՀՀ իշխանություններից.

-անհապաղ ազատ արձակել հավաքի մասնակից բոլոր բերման ենթարկված անձանց,

-ապահովել ոստիկանության գործողությունների անաչառ եւ թափանցիկ քննություն»: