ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին հարվածած, մաքսանենգության համար նախկինում դատապարտված, Թալինի բնակիչ Արշակ Սվազյանին մեկ ամիս ազատազրկման դատապարտելու վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արշակ Սվազյանի փաստաբանը՝ Լիանա Բալյանը:
Նա նշեց, որ Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում: «Մեկ ամսյա կալանքը շատ խիստ դատավճիռ է, մենք առաջարկում ենք նշանակել տուգանք: Նման խիստ վճռի իրավունք չունեին, քանի որ կային մեղմացուցիչ հանգամանքներ, Արամ Մանուկյանի առողջության թեթեւ մարմնական վնաս էր հասցվել, Արշակ Սվազյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, փաստորեն՝ դատախազությունը եւ դատարանը աշխատեցին հօգուտ ԱԺ պատգամավորի՝ հաշվի չառնելով անգամ, որ նա հայհոյել է»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ Արշակ Սվազյանը պատիժը դատարանի որոշմամբ կկրի քրեակատարողական հիմնարկում դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Հիշեցնենք, որ Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 11-ի երեկոյան Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր տան մոտ հարձակման էր ենթարկվել: Գործով մեղադրվող Արշակ Սվազյանն իր նախաքննական ցուցմունքում ասել էր, որ Արամ Մանուկյանին հարվածել է, քանի որ վերջինը հրապարակավ հայհոյանքներ է հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին:





























