ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2015թ. հունիսի 20-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն 2015 թվականի հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 2.7%: Միաժամանակ, մայիս ամսվա ՏԱՑ-ը ապրիլ ամսվա  նկատմամբ կազմել է 7.1%, իսկ մայիսը նախորդ տարվա մայիսի նկատմամբ` 2.8%:

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ առեւտրի շրջանառության, որը կրճատվել է 8.6%-ով հունվար-ապրիլի -7.6% դիմաց (առեւտրի շրջանառության մեջ մտնում են մանրածախ եւ մեծածախ առեւտուրը եւ ավտոմեքենաների առեւտուրը): Ծառայությունների աճը կազմել է` 3.8%, գյուղատնտեսության աճը` 6.0% եւ շինարարության աճը` 0.4%:

Արդյունաբերության աճը հունվար-մայիսին կազմել է 4.5%, իսկ մայիս ամսին նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 5.2%: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկների` արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսն առանց էներգետիկայի մայիս ամսին կազմել է 107.5%, իսկ հունվար-մայիսին` 106.1%:

Տարեսկզբից սկսած արդյունաբերության աճը դրական միտում ունի (2015թ. հունվար-մայիսի ցուցանիշները ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կհրապարակվեն հունիսի 30-ին, որի հիման վրա կտրվեն լրացուցիչ մեկնաբանություններ):

Նույն պատկերն է նաեւ արդյունաբերության հիմնական ճյուղերում: Անգամ այն ճյուղերը, որոնք տարեսկզբին նվազում էին գրանցել 2015թ. 4 ամիսների կտրվածքով կամ աճ են գրանցել կամ էլ արագորեն վերականգնում են ծավալները եւ կապված նաեւ սեզոնային որոշակի գործոններից առաջիկա մեկ կամ երկու ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ կգրանցվի:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն աճ է գրանցվել եւ’ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման, եւ’ մշակող արդյունաբերության ճյուղերում` համապատասխանաբար 23.4% եւ 4.0%: Անցկացված մոնիտորինգի տվյալներով մշակող արդյունաբերությունում թողարկման աճ (անվանական աճ) է գրանցվել մի շարք ենթաճյուղերում: Մասնավորապես` սարքաշինության ենթաճյուղում աճի տեմպը կազմել է 134.8%, մետալուրգիայում` 117.2%, քիմիայի եւ դեղագործական արդյունաբերությունում` 112.8%, փայտամշակում` 106.4% եւ էլեկտրատեխնիկա` 100.4%:

 Աճ է գրանցվել նաեւ վերը նշված ճյուղերի արտահանման ծավալների գծով` փայտամշակում` աճի տեմպը` 176.6%, էլեկտրատեխնիկա` 111.9% քիմիա եւ դեղագործական` 109.9% եւ մետալուրգիա` 104.8%:

Արտաքին առեւտրաշրջանառությունը կրճատվել է 32,3%-ով, սակայն հարկ է նկատի ունենալ, որ արտաքին առեւտրի ցուցանիշներն ամբողջական չեն: Տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձեւ»-ի` դեռեւս ոչ բոլոր սուբյեկտների կողմից մաքսային մարմիններին տեղեկատվության ներկայացման հետ, քանզի դրանց ներկայացման էլեկտրոնային համակարգը Հայաստանի Հանրապետությունում սկսել է գործարկվել ապրիլի վերջին: Այնուամենայնիվ, կարելի է նշել, որ արտահանման բացասական ցուցանիշը դանդաղման միտում ունի: Հունվար-մայիսին արտահանումը նվազել է 15.2%-ով, հունվար-ապրիլի 18.8% նվազման դիմաց: