Հունիսի 23-ի լուսաբացին, ժամը 05.30-ի սահմաններում, ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրել է «Ոչ թալանին» հասարակական նախաձեռնության եւ նրան համերաշխություն հայտնած բազմաթիվ քաղաքացիների կողմից Բաղրամյան պողոտայում սկսված եւ բացառապես խաղաղ բնույթ կրող նստացույցը: Պաշտոնական տվյալներով ձերբակալվել են 237 քաղաքացիներ, եւս 25-ը գտնվում են հիվանդանոցներում` տարբեր աստիճանի վնասվածքներով: Ոստիկանական օպերացիային ներգրավվել են նաեւ քաղաքացիական եւ առանց տարբերանշանի հագուստով անձինք, ինչը օրենքի մեկ այլ կոպիտ խախտում է:

Խաղաղ հավաքի ցրումն ուղեկցվել է ուժի անհամաչափ կիրառմամբ, միջոցառումը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմամբ ու նրանց մասնագիտական գործիքների ավերմամբ ու առգրավմամբ, հատուկ գործողությունից հետո Երեւանի կենտրոնում քաղաքացիների նկատմամբ հետապնդումներով ու բռնություններով:

Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով իրագործված այս բացահայտ հակասահմանադրական ու հակաօրինական գործողությունն ունի մեկ նպատակ. հասարակության շրջանում վախի զգացումը խորացնելու միջոցով ամեն գնով կանխել վարչախմբի նկատմամբ դժգոհության ու բողոքի որեւէ ալիք: Կատարելապես ձախողվելով պետության կառավարման, ժողովրդավարության, տնտեսության եւ մնացյալ բոլոր ոլորտներում, գործող իշխանությունները իրավացիորեն վաստակել են Հայաստանի քաղաքացիների ու հայ ժողովրդի ատելությունը: Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը, Հայաստանի հետ կապված են միայն մեկ շահադիտությամբ` ամեն գնով պահել իշխանությունը եւ չգնալ որեւէ զիջման, դա համարելով իշխանության կորստի սկիզբ: Նույն այս վարչախումբն իր քարոզչամիջոցների օգնությամբ տարիներ շարունակ «քաջալերում» էր քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում` հակադրելով այն քաղաքականին, որն, իբր, ապակայունացնում է ներքաղաքական իրավիճակը, ջուր լցնում թշնամու ջրաղացին: Սրա նպատակը քաղաքական շարժումների ու միավորների նկատմամբ անվստահություն սերմանելն էր եւ հասարակության շրջանում պառակտում մտցնելը: Սակայն բավական էր, որ քաղաքացիական շարժումները եւ քաղաքացիները եւս կոշտ պայքարի դուրս գան իշխանության դեմ, մասնավորապես էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով, եւ Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը նույնպիսի ապօրինություններ սկսեցին գործել նրանց նկատմամբ:

Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Սերժ Սարգսյանի հրահանգով իրագործված խաղաղ նստացույցի ցրումը, պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածների ու պատասխանատվության ենթարկել քաղաքացիների, լրագրողների իրավունքները ոտնահարած բոլոր պատասխանատուներին:

Կոնգրեսը նաեւ իր համերաշխությունն է հայտնում իրենց իրավունքների համար պայքարի ելած քաղաքացիներին: Այսօրվա իրադարձությունները եկան ապացուցելու, որ հայաստանյան հասարակությունը հաղթահարել է վախի զգացումը եւ օժտված է քաղաքացիական բարձր գիտակցությամբ: Գործող իշխանությունը թույլ է ավելի, քան երբեւէ, եւ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի օրակարգում այլեւս պետք է լինի մեկ խնդիր` Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի հեռացումը իշխանությունից: Նման համատեղ օրակարգի ձեւավորումն իշխանափոխությունը կդարձնի մոտ ապագայի հարց: