Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով ողջ գիշերն անցկացրել է Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ, առաջարկում է պահանջները շարադրել կետերով, հանդիպել իշխանությունների հետ եւ քննարկել խնդիրը (ֆոտոռեպորտաժ):
«10-20 կետերով ներկայացրեք ձեր պահանջը, դուք էլ գնացեք, ոչ ես, ոչ Նիկոլ Փաշինյանը չենք գնալու: Դուք գնացեք, նստեք, խոսեք, հետեւեք, թող զգան»,-ասաց նա՝ հավելելով. «Ես անգամ առաջարկում եմ այդ 6 դրամից երեք դրամը հատկացնել ապագայի տնտեսման համակարգի ստեղծմանը»:
Ցուցարարներից մեկի խոսքին, թե «մենակ խնդրում եմ չարժեզրկել շարժումը», գործարարն արձագանքեց. «Ինձ հետ արդեն մոտ 100 մարդ է խոսել, բոլորը ողջունել են նման մոտեցումը: Ես ասում եմ, որ շատ լավ հարթակ է ստեղծված, սկսել են հարգել, ընդունել, հասկանալ, իրենց սխալն էլ են սկսել հասկանալ, սկսել են հաշվի նստել: Հիմա եթե պետք է սարքեք շիլափլավ, ես համաձայն չեմ: Ես ասում եմ, որ պետք է առաջին հերթին վատ կառավարողները պատասխան տան, հետո պետք է հասկանալ՝ դրամը որքան է արժեզրկվել, էլեկտրաէներգիայի ինքնարժեքը որքան է կազմել: Դուք եք որոշողը»:
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:
Երեկոյան նստացույցի մասնակիցներն ավելի մեծ բազմությամբ են շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է, մասնակցում են նաեւ պատգամավորներ, մտավորականներ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ, որոնք պատ են կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:





























