Լրատվամիջոցների ներկայացուցիչների  նկատմամբ հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում էլեկետրաէներգիայի թանկացման որոշումը բողոքարկող ակտիվիստների ցույցը ցրելիս կիրառված բռնության դեպքերով ծառայողական քննություն է ընթանում: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Բաղրամյան բողոտայում տընթացող նստացույցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը: Նա նշեց, որ քննությունը թափանցիկ է ընթանալու եւ բոլոր մեղավորներն իրենց պատիժն ստանալու են:

Փոխոստիկանապետի խոսքով, այդ ցույց ժամանակ եղել են նաեւ սադրիչներ (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին»  նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Նշենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի եւ panarmenian.net-ի լրագրողները: Բախումների հետեւանքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18  հոգի, 237 քաղաքացի բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն:

Երեկոյան նստացույցի մասնակիցներն ավելի մեծ բազմությամբ են շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է, մասնակցում են նաեւ պատգամավորներ, մտավորականներ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ, որոնք պատ են կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: