ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ոստիկանության ներքին անվտանգության վարչության անցկացված ստուգումներով պարզվել է, որ 2012-2013 թվականների ընթացքում հիշյալ բաժնի անձնագրային բաժանմունքի կողմից երկու տասնյակից ավել քաղաքացի հաշվառվել է գոյություն չունեցող հասցեում:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ հաշվառված քաղաքացիներից 6-ն անձնագրավորվել են, 7-ի անձնագրերը փոխանակվել են նոր անձնագրերով, իսկ արական սեռի անձանցից 5-ին անձնագիր է տրամադրվել՝ զինկոմիսարիատում չհաշվառվելու պայմաններում:
2012-2013 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթուղթ կեղծելու, իրացնելու, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով, 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:





























