«Օֆշորի» հայտնի գործով տուժող Փայլակ Հայրապետյանը կպահանջի, որպեսզի դատական նիստերին մասնակցեն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, առաջին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը: Տուժողը նշեց, որ ամբաստանյալի աթոռին հայտնված գործարար Աշոտ Սուքիասյանը, որը, ըստ շրջանառվող լուրերի, իր վրա է վերցրել ամբողջ մեղավորությունը եւ նախաքննական ցուցմունքներում չի տվել նախկին վարչապետի եւ արքեպիսկոպոսի անունները, պետք է անպայման պատասխանատվության ենթարկվի:

«Իմ ելույթում ես միջնորդելու եմ, որ Կճոյանը եւ Տիգրան Սարգսյանը գան եւ անպայման ներկա լինեն դատական նիստերին, որովհետեւ այս ամբողջ գործունեության հիմքում ընկած է իրենց հաշիվների վրա գրած իմ ունեցվածքը: Աշոտ Սուքիասյանը պետք է տույժ կրի ոչ միայն ինձ, այլեւ ՀՀ 10 000 բանվորներին վնաս պատճառելու, 350 երեխայի ուսումից զրկելու համար: Իրենք բիզնես ծրագրեր էին կազմել, հանքեր պետք է աշխատացնեին, բանկը գրանցել է, որ 10 տոննա ոսկի կա,10 մլն կարատ ադամանդ:  Երկրագնդի վրա կա 80 000 տոննա ոսկի, որից 10-ը Սուքիասյանինն ա,  դե պատկերացրեք՝ ով է Սուքիասյանը»,– ասաց տուժողը:

Փայլակ Հայրապետյանի խոսքով՝ «Օֆշորի» գործը չի կարող կոծկվել, քանի որ լայն արձագանք է ստացել ինչպես աշխարհի, այնպես էլ Հայաաստանի հայերի շրջանում:  Տուժողը, այնուամենայնիվ, ավելացրեց, որ եթե այս գործը չբացահայտվի, ինքը ոչինչ անել, կամ ասել չի կարող, քանի որ օրենքով առաջնորդվող մարդ է:

Նշենք, որ գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանը: Ամբաստանյալը տեղեկացրեց, որ իր պաշտպանը արտերկրում է եւ կվերադառնա հուլիսի 8-ին:

Դատավոր Վարդան Գրիգորյանը նշեց, որ դատարան պաշտպանի դիմումը չի հասել, եւ 2-րդ անգամ անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում ինքը ստիպված կլինի անդրադառնալու պաշտպանի վարքագծին:

Դատարան չէին ներկայացնել նաեւ դատակոչված 4 վկաները եւ տուժող Վարդան Հայրապետյանը, որը Փայլակ Հայրապետյանի որդին է:

Փայլակ Հայրապետյանը դատարանին տեղեկացրեց, որ իր որդին հաշմանդամ է, բազմաթիվ հիվանդություններ ունի եւ դատարան գալ չի կարող:

Հիշեցնենք, որ հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված, գործով միակ մեղադրյալ, գործարար Աշոտ Սուքիասյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ տնօրինել են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերը:

Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ, որի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:

Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, եւ գումարը վերցնելով հեռացել էր երկրից, իսկ «Ամերիաբանկն» անարգել շարունակել է գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունների բանկային հաշվեհամարներին:

2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: