ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով այցելել է «Սպայկա» ընկերություն, ինչպես նաեւ Արարատի մարզի  Ներքին Դվին, Աբովյան եւ Ջրաշեն համայնքներ:

Սկզբում նախարարը «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության սառնարանային տնտեսություններում, հետեւել ծիրանի բեռնման գործընթացին: Ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի տեղեկացմամբ` ընթացիկ տարին առանձնանում է առատ բերքով, եւ ընկերությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ եռապատկել արտահանման ծավալները: Միաժամանակ նա հավելել է, որ ընկերությունն արդեն իսկ արտահանել է 20 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն:

Այնուհետեւ նախարարը մեկնել է Արարատի մարզի Ներքին Դվին համայնք, որտեղ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ եղել է ֆերմեր Գեւորգ Նազարյանի ծիրանի այգիներում, որոնց ընդհանուր տարածքը կազմում է 5 հեկտար: Նա նշել է, որ անձամբ է զբաղվում իր այգու բերքի արտահանմամբ, ինչի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունում արդեն կան համապատասխան պայմանավորվածություններ: Գոհունակություն հայտնելով այս տարվա ծիրանի բերքի քանակից եւ որակից` ֆերմերը հույս է հայտնել, որ ընթացիկ տարվա ծիրանի բերքը կկազմի մոտ 60-70 տոննա:

Նախարարի հաջորդ կանգառը Ջրաշեն համայնքում էր, որտեղ 3 հեկտար հողատարածքում ծիրանի մշակությամբ զբաղվող ֆերմեր Գրիգոր Վարդանյանը հայտնել է, որ ակնկալում է արտահանել մոտ 10 տոննա ծիրան:

Այցելած համայնքներում գյուղացիները նախարարի հետ զրույցում նշում էին, որ գոհ են նաեւ ծիրանի մթերման գնից` 1 կիլոգրամը հենց այգում գնվում է 450-500 դրամով:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ ընթացիկ տարում գոհացուցիչ են ոչ միայն ծիրանի արտադրության, այլեւ արտահանման ծավալները:

«Հանրապետությունից օրական շուրջ 1000 տոննա ծիրան է արտահանվում, եւ  արդեն իսկ արտահանվել է  5500 տոննա:  Այս տարի Ուզբեկստանում, որը  Ռուսաստանի Դաշնություն ծիրանի մեծածավալ արտահանումներ էր իրականացում, բերքը ցրտահարվել է, եւ հայկական ծիրանը  ռուսական շուկայում շատ ավելի մեծ պահանջարկ ունի», - նշել է նախարարը:

 Նախարարի խոսքով` ընդհանուր առմամբ, այս տարի Հայաստանից արտահանվել է շուրջ 30 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 300 տոննայի դիմաց:

Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ մի քանի օրից մթերող ընկերություններում կսկսվի ծիրանի մթերման գործընթացը:

Գոհունակություն հայտնելով նաեւ մարզի ընդհանուր ցուցանիշներից` Սերգո Կարապետյանը նշել է նաեւ, որ մարզն այս տարի շուրջ 1000 հեկտարով ավելացրել է ցանքատարածությունների մշակությունը` հասցնելով 24 հազար հեկտարի: Ներկայումս մշակվում է մարզի վարելահողերի 91 տոկոսը: