ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու  դեպքի  առթիվ  հարուցված  քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչը 2014 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 59/4 հասցեում գտնվող շենքի մոտ հարբած վիճակում փորձել է կանգնեցնել տաքսի ավտոմեքենա, որոնցից ոչ մեկը կանգ չի առել, ինչի պատճառով սկսել է բարձրաձայն հայհոյել:

Նշված վայրում  ծառայություն իրականացնող ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները, իրականացնելով իրենց ծառայողական պարտականությունները, պահանջել են, որ տղամարդը դադարեցնի հայհոյանքները եւ պահպանի հասարակական կարգը:

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ, անտեսելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջը, տղամարդը քաշքշել է նրանց համազգեստներից, հայհոյանքներ հնչեցրել, ապա՝ հարվածել ոստիկաններից մեկի կրծքավանդակի առաջնային մակերեսին ու դեմքին։ 

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի հունիսի 23-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։