Այսօր, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի աշխատակազմը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն է ներկայացրել՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի   հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը։

ՀԲ-ի կողմից իրականացվող գնահատման գործընթացն ի սկզբանե եղել է բաց եւ հրապարակային:

Հավատարիմ այդ սկզբունքին՝ հաշվետվությունը հայերեն եւ անգլերեն լեզուներով տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում:                                              

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը դիմել էր ՀԲ-ին՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով: Ուսումնասիրությունները իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, որոնք ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի   հետագա շահագործման նպատակահարմարությունը, ֆինանսական ու տեխնիկական համապարփակ փաստարկված գնահատումը ՀՀ կառավարության համար հիմք կհանդիսանան քննարկման, ինչպես նաեւ որոշում կայացնելու համար:

Հիմնավորումները հասանելի են բոլորին եւ ցանկացողները կարող են դրանց մանրամասն ծանոթանալ ՀՀ ԷԲՊ նախարարության պաշտոնական կայքում: