Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եւ Վրաստանի պրոբացիայի եւ պատժամիջոցների կիրառման նախարար Գիորգի Մգեբրիշվիլին հունիսի 24-ին քրեակատարողական ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել։
Փաստաթղթի շրջանակներում կողմերը կհամագործակցեն քրեակատարողական ծառայության արդյունավետ կառավարման, օրենսդրության զարգացման ոլորտում։
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հույս է հայտնել, որ հուշագիրը օգտակար է լինելու երկրի համար։ «Մեզ հետաքրքիր է այդ փորձը։ Կփոխանակենք մեր փորձը եւ կկիսվենք հաջողություններով»,- ասել է նախարարը։
Մգեբրիշվիլին իր հերթին նշել է, որ պրոբացիայի ոլորտում իր երկիրը հարուստ փորձ ունի։ «Մենք կկիսենք մեր ունեցած փորձն ու տեղեկությունները»,- հավելել է վրացի նախարարը։





























