Եվրոպայում ԱՄՆ ծանր սպառազինությունը տեղակայվում է զորավարժությունների համար: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ Դաշինքի ՊՆ ղեկավարների հանդիպմանը:

Միաժամանակ նա ԱՄՆ-ին շնորհակալություն է հայտնել առանցքային ռազմական հնարավորությունների, այդ թվում՝ Եվրոպայում լրացուցիչ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։

Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն թույլ չի տա իրեն ներքաշել Ռուսաստանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ, եւ այն, ինչ իրենք անում են, անում են պաշտպանական նկատառումներով։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ձգտում է  Ռուսաստանի հետ երկխոսություն հաստատել, գրում է ՏԱՍՍ-ը։

«ՆԱՏՕ-ն ձգտում է Մոսկվայի հետ երկխոսության։ Սակայն ես վստահ եմ, որ դա չի հակասում դաշինքի պաշտպանական հնարավորություններին։ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ շարունակում են Ռուսաստանի հետ երկխոսությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուծումներ որոնելու, Սիրիայի  եւ Լիբիայի ճգնաժամերի կարգավորման հարցով»,-ասել է նա։