Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր՝ հունիսի 24-ին, հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Նազարյանը:

«Նախապես պլանավորված քննարկում էր լրիվ այլ թեմայով, այլ գերատեսչություններից եւս մարդիկ կային, հոսանքի գնից չենք խոսել»,-ասաց ՀԾԿՀ ղեկավարը: Ռոբերտ Նազարյանը նշեց, որ իր դիրքորոշումը հայտնել է ելույթների, քվեարկության ժամանակ: Դիտարկմանը, թե հնարավոր համարում եք, որ չեղարկվի հոսանքի գնի բարձրացման որոշումը, Ռոբերտ Նազարյանն ասաց, տեսականորեն դա հնարավոր է, բայց պետք է ցույց տալ աղբյուրը՝ ով պետք է վճարի այդ գումարը, 6,93 դրամի աղբյուրը ցույց տվեք:

Հարցին, թե լուրեր են տարածվել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը գնում է ՀԷՑ-ը, նա նշեց, որ տեղյակ չէ այդ թեմաներից:

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: