Բաղրամյան պողոտայում քիչ առաջ փոքրիկ երեխա էր կորել։ Ակտիվիստները բարձրախոսով հայտարարեցին, որ բողոքի ակցիայի ընթացքում կորել է հինգ տարեկան փոքրիկ Սերգեյը, եւ կոչ արեցին նստացույցի մասնակիցներին որոնել եւ գտնել փոքրիկին։
Րոպեներ անց հայտարարվեց, որ կորած երեխան գտնվել է։
Նշենք, որ պողոտայում այժմ շարունակվում է բողոքի ակցիան ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, հազարավոր մարդիկ եկել են՝ իրենց պահանջը ներկայացնելու։ Ակտիվիստները նաեւ կոչ արեցին քաղաքացիական հագուստով ոստիկաններին լքել ցուցարարների շարքերն ու սադրանքներ չանել։ Այդ ոստիկանների լուսանկարները տարածվել են ցուցարարների շրջանում, որպեսզի վերջիններս զգոն լինեն եւ չտրվեն սադրանքներին։
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան, ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:



























