Բաղրամյան պողոտայում հունիսի 25-ին, առավոտյան ժամը 5-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ցուցարարների մի մասը քնել է պողոտայում կամ հարակից տարածքում, շատերն էլ շրջում եւ զրուցում են։ Որեւէ շարժ կամ ակտիվություն չի նկատվում նաեւ աղբարկղներից պատրաստված բարիկադների հակառակ կողմում, ոստիկանությունը ընդամենը մեկ շարքով է կանգնած։

Քիչ առաջ ցուցարարները «Սանիտեկ» ընկերության աշխատակիցների հետ մաքրել են պողոտան։

Այս գիշեր եւս քաղաքական մի քանի գործիչներ, շոուբիզնեսի աստղեր էին եկել եւ կենդանի պատ կազմել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան, ժամը 19:00-ից քաղաքացիները կրկին հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: