Աշտարակ քաղաքում այսօր  բերման է ենթարկվել էլեկտրէեներգիայի սակագնի բարձրացման դեմ հունիսի 24-ի  բողոքի ակցիային մասնակցած  2 քաղաքացի: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողներին ասաց  նստացույցի մասնակից  «ՈՉ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Չիբուխչյանը:

«Երեկ Աշտարակում բողոքի ակցիան առանց միջադեպերի է անցել,, սակայն նոր պարզ դարձավ, որ այսօր ակցիային մասնակցած 2 քաղաքացիներ են բերման ենթարկվել Ոստիկանության Աշարակի բաժին՝ Տիրայր Գյուրջինյանը եւ Հայկ Հակոբյանը»,-ասաց նա՝ նշելով, որ բերման ենթարկածներին արդեն ազատ են արձակել:

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան, ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: