ԿԽՄԿ-ն, կատարելով չեզոք միջնորդի իր դերը, համագործակցել է հայ-ադրբեջանական միջազգային սահմանին հումանիտար գործողության իրականացմանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Գործողությունը համաձայնեցվել է երկու կողմերի հետ, երկու կողմերի համաձայնությամբ։ Գործողության արդյունքում պարզվել է երկու կորած ադրբեջանի զինծառայողների ճակատագիրը։ Նրանց մահացած են գտել։ Նրանց մարմինները տարհանվել են տարածքից»,- հայտնել է Զառա Ամատունին։

Հարցին, թե ով է իրականացրել որոնողական գործողությունները, երեւանյան պատվիրակության ներկայացուցիչը նշել է, որ որոնողական աշխատանքը իրականացվել է Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների կողմից. «ԿԽՄԿ ներկայացուցիչները չեն եղել որոնողական գործողությունների տարածքում։ Սակայն եղել են սահմանի երկու կողմում»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի քանի օր առաջ անհետացած ադրբեջանցի զինվորներ՝ Մուսա Մուսաեւ Սաբիրօղլուի եւ Թուրալ Յոլչուեւ Սահիբօղլուի մարմինները հայտնաբերվել են հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում։