Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցավակցել է Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, Ներսես Պետրոս 19-րդի մահվան կապակցությամբ։
«Վերհիշելով մեր սերտ համագործակցությունը, որի գագաթնակետը դարձավ Սուրբ Գրիգոր Նարեկացիին Տիեզերական Եկեղեցու վարդապետ հռչակելն է՝ Ողորմած Աստծուն կվստահեմ այս նվիրյալ Հովվի հոգին, որ որպես քահանա անխոնջ ծառայեց իրեն հանձնված հասարակութիւններուն, ապա որպես եպիսկոպոս իր առաքելությունը կատարեց հավատքով եւ նվիրումով, նախ Ալեքսանդրիայում, ապա որպես Տանն Կիլիկիոյ Պատրիարք»,- գրել է Հռոմի պապը։
Եգիպտոսում ծնված Ներսես Պետրոս 19-րդ Թարմունին նախնական կրթությունը ստացել է Կահիրեում, այնուհետեւ ուսանել Իտալիայի բարձրագույն ուսումնական ու հոգեւոր կրթական տարբեր հաստատություններում: Հոգեւոր պաշտոններ է ստանձնել ինչեւ Հայ կաթողիկե, այնպես էլ Եգիպտոսի տարբեր կաթոլիկ եկեղեցիներում։
1999 թվականի հոկտեմբերի 7-ին Հայ Կաթողիկե Եպիսկոպոսաց Սինոդը նրան ընտրել էր Տանն Կիլիկիո հայ կաթոլիկների Կաթողիկոս-պատրիարք։ Այս տարվա ապրիլի 12-ին հանգուցյալ կաթողիկոսը Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապի հետ համատեղ պատարագ մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։





























