Հունիսի 24-ին Մեքսիկայի սահմանին վթարի ենթարկված ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչի օդաչուն իրաքցի գեներալ Ռաֆիդ Մուհամմեդ Հասանն է եղել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ինչպես հայտարարել է Իրաքի պաշտպանության նախարարի ներկայացուցիչ գեներալ Թահսին Իբրահիմը, իրաքյան կողմը վթարի պատճառների եւ օդաչուի ճակատագրի մասին որեւէ տեղեկություն չունի, փոխանցում է Lenta-ն։
Իբրահիմը հաստատել է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում ապրող գեներալը եղել է կործանիչի ղեկին։ Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները բարդանում են այն պատճառով, որ օդանավը բախվել է գյուղական տեղանքի գազատարին, ինչը հրդեհ է առաջացրել, որը հետագայում մարվել է։
Հիշեցնենք, որ կործանիչը պատկանում էր «Դեւիս Մոնթեն» ավիաբազային։ Այն կործանվել էր բազայից 370 կմ հեռավորության վրա գտնվող Դուգլաս քաղաքի մոտակայքում։





























