Գյումրիում հունիսի 23-ին տեղի ունեցած նստացույցի ժամանակ բերման ենթարկված 13 անձանցից 12-ը ունեն վկայի կարգավիճակում, 1-ը՝ կասկածյալի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով 3 վկայի փաստաբան Թամարա Յայլոյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խուլիգանություն, որի շրջանակներում առայժմ մեղադրյալներ չկան: Փաստաբանն ասաց, որ այսօր վկաները դիմելու են, որպեսզի իրենց կողմից առգրավված մեքենանները, հեռախոսները, հագուստները հետ վերադարձնեն: «Վկաներից մեկի՝ Տիգրան Պետրոսյանի մեքենան եւս առգրավված է, նրան դեպքի օրը առավոտյան 6.45-ին քաշքշել են, տարել բաժանմունք, մեքենայի դռները մնացել էր բաց, իսկ ոստիկանությունից դուրս գալուց հետո արգելել էին մեքենան նստել, ինքը պահանջել էր օրինական հիմքեր, բայց որեւէ բան չէին ներկայացրել, մեկ ժամ անց միայն քննիչը բերել էր առգրավման որոշումը»,-նշեց փաստաբանը:
Փաստաբանը նշեց նաեւ, որ հարցաքննության ժամանակ բերման ենթարկվածները ասել են, որ ամբողջ գիշեր դրսում են եղել, հոգնած են ու չեն կարող որեւէ հարցի պատասխանել: Թամարա Յայլոյանն ասաց, որ կախված քննչականի տրվելիք պատասխանից՝ իրենք գործողությունների կդիմեն իրերի առգրավման մասով:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:





























