25 հազար գայլասարդեր գրավել են ավստրալական Մանինգրիդա քաղաքը: Ըստ Metro-ի, թունավոր այս սարդերը լցվել են շուրջ 2 հազար բնակիչ ունեցող քաղաքի փողոցներ:

Սարդաբան Ռոբերտ Ռեյվենը հայտարարել է, որ գիտնականներն առայժմ չեն կարող պատասխանել հարցին, թե ինչով է պայմանավորված սարդերի հարձակումը: Նրա խոսքով, սովորաբար մեկ վայրում առավելագույնը 200-300 գայլասարդ է հանդիպում:

Ռեյվենի կարծիքով, սարդերի միգրացիայի պատճառ կարող է լինել նրանց նախկին բնակավայրում կենսապայմանների փոփոխությունը: Սարդերին կարող էր գրավել նաեւ քաղաքում սննդի առատությունը:

Ավստրալական The Land պարբերականը նշում է, որ այդ խոշոր թունավոր սարդերը հիմնավորվել են գետի ափին, անմարդաբնակ տեղանքում: Էքսկուրսիայի ժամանակ նրանց տեսել են տեղի դպրոցականները, քաղաքի որոշ բնակիչներ էլ նույնիսկ դիպել են սարդերին: Խայթելու դեպքեր չեն գրանցվել:

Հավելենք, որ այդ սարդերի՝ որոշ կենդանիների համար մահացու խայթոցը մարդու կյանքին վտանգ չի սպառնում: