Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2015» եռամսյա ծրագրի շրջանակում Կենդանաբանական այգում տեղի է ունեցել «Երազանքի գիշեր» փակ միջոցառումը։ Հատուկ կարիքներ եւ առանձնակի այլ հիվանդություններ ունեցող տասնյակ երեխաներին եւ նրանց ընտանիքներին Կենդանաբանական այգում դիմավորել են որպես հատուկ հյուրերի։ Երեւանի կենդանաբանական այգու եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ ամենամյա երեկոն անցկացվում է 2014թ.-ից: Երեկոն հատուկ հյուրերի  համար հագեցած է եղել խաղերով, նվերներով, այլ անակնկալներով եւ, իհարկե, հյուրասիրությամբ: Տարածքում կազմակերպվել է նաեւ շրջայց, որի ընթացքում փոքրիկ հյուրերը հնարավորություն են ունեցել շփվելու կենդանիների, զրուցելու նրանց խնամողների հետ, խաղալու այգու նորակառույց ներառական խաղահրապարակում։ Երեկոյի շրջանակում ոչ միայն ներկաներին, այլեւ հատուկ կարիքներ ունեցող բոլոր փոքրիկներին առանձնահատուկ նվեր էր նախապատրաստել հիմնադրամի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Վերջինիս հովանավորությամբ մեկ տարվա ընթացքում Երեւանի կենդանաբանական այգում գործող հիփոթերապիայի նորաբաց կենտրոն անվճար հաճախելու հնարավորություն կստանան բոլոր այն երեխաները, ում ցուցված է բուժման այլընտրանքային այս տեսակը։

 Երեւանի կենդանաբանական այգում տեղի ունեցած միջոցառման կայացմանը աջակցել են «ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը», Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ այլք: Երեկոյի գեղարվեստական-համերգային հատվածի համակարգումը հանձն էր առել «Նարեկացի» արվեստի միությունը։ 

«Երազանքի գիշեր» միջոցառումն առաջին անգամ կազմակերպվել է 1996թ.՝ Ամստերդամի կենդանաբանական այգում: Այժմ արդեն այն կազմակերպվում է աշխարհի 35 երկրների շուրջ 300 հաստատություններում (կենդանաբանական այգիներ, թատրոններ, թանգարաններ)։ Միջոցառման առաքելությունը տարվա ընթացքում մեկ առանձնահատուկ երեկո նվիրելն է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքներին։