Դեռ հայտնի չէ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտի արդյունքում կփոխվի հոսանքի թանկացման որոշումը, թե ոչ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից NEWS.am-ը հետաքրքրվեց, թե ինչ կարելի է եզրակացնել երեկ նախագահականի տարածած հաղորդագրությունից: «Ինչքան դուք եք տեղյակ, այնքան էլ ես, լրատվամիջոցներից գիտեմ,  ոչ նախագահի հետ հանդիպել եմ, ոչ խոսել եմ, որպեսզի կարողանամ սպառիչ պատասխան տալ»,-ասաց նա:

Հարցին, թե տեսականորեն աուդիտի արդյունքում կարող է սակագնի բարձրացման որոշումը փոխվել, Ռոբերտ Նազարյանն ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ խորությամբ, ինչպիսի աուդիտ պետք է իրականացվի. «Պետք է հասկանանք աուդիտի առաջ ինչ խնդիր է դրված, ինչ նպատակ, ինչն են աուդիտ անելու, ես դրանից տեղյակ չեմ, երբ իմանամ, կկարողանամ լիարժեք պատասխան տալ»,-ասաց ՀԾԿՀ նախագահը:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 26-ին ընդունել է ՀՀ և ՌԴ միջև միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը նշել է, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: