Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի պահանջով Բաղրամյան պողոտայում ցուցարարները ստիպված էին հանելմի քանի պոլիէթիլենից ու թղթերի պատրաստված ինքնաշեն վրանները։ Դրանցից մեկում առաջին անհրաժեշտության կետ էր գործում, մյուսում՝ սննդի բաժխման կետ։

«Սնունդը պետք է պահել հատուկ պլաստմասե տարաներում, իսկ ձեզ մոտ ի՞նչ է։ Սնունդը հողաթափերի կողքին է, իսկ կողքն էլ մարդ է քնած»,-նկատեց Օսիպյանը։

Քամուց ու փոշուց պաշտպանվելու համար արգելափակոցները պահպանելու խնդրանքը Օսիպյանը չընդունեց. «Դուք արդեն վրան եք դնում, իսկ վրան տեղադրելու թույլտվություն չկա։ Դուք առանց այդ էլ խախտել եք հասարակական կարգը։ Հիմա էլ հիգիենան եք խախտում»։

Անցնելով փողոցը եւ դիտելով շենքերից մեկի մուտքը, նա հայտնաբերեց միայն ծածկեր, որոնք թույլ տվեց մնալ։ Վերադառնալիս Օսիպյանը սայթաքեց, ու նշեց. «Դե տեսեք ինքան բան եք նետել։ Ձեր կարծիքով, նման անկարգությունը նորմա՞լ է»։

Բաղրամյան պողոտայում արդեն վեցերորդ օրն է, շարունակվում է բողոքի ակցիան, ցուցարարները այսօր մերժել են Սերժ Սարգսյանի առաջարկները։

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: