Բաղրամյան պողոտայում այս պահին մարդկանց հոսքը չի դադարում։ Բոլորն շտապում են պողոտա տեղեկանալու, թե վերջապես ինչ են որոշել «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստները՝ բողոքի ակցիայի հետագա ճակատագրի ու իրենց անելիքների վերաբերյալ։ Հանրահավաքը նախատեսված է8 ժամը 18.00-ին, սակայն այն դեռ չի սկսվել։ (ֆոտոռեպորտաժ)
Այստեղ է նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Դրանից որոշ ժամանակ առաջ հայտարարվեց, որ ոստիկանությունը փակել է պողոտայի սկզբնամասը եւ շատ քիչ տեղ է թողել անցնելու համար։
Այս պահին Բաղրամյան պողոտայում հնչում է բարձր երաժշտություն։ Ներկաների տրամադրությունը բարձր է։ Այսօր օրվա ընթացքում այնտեղ են ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։
Երեւանի փոխոստիկանապետ Վլալերի Օսիպյանը դիմելով ցուցարարներին կատակով ասաց. «Չեք ուզո՞ւմ հովանաք, սթափվեք»։
Նշենք, որ ավելի վաղ Օսիպյանը ցուցարարներին ասել էր, որ մինչեւ այսօր ժամը 23.00-ն պետք է ազատել Բաղրամյան պողոտան, քանի որ բողոքներ կան քաղաքացիների կողմից, որ ոստիկանությունն անգործության է մատնված։
Օսիպյանը հորդորել էր հավաքի մասնակիցներին «ողջամիտ լինել, դադարեցնել բոլոր անօրինական գործողությունները հատկապես ժամը 23-ից հետո, վերադառնալ կամ Ազատության հրապարակ, կամ ընտրել մի այնպիսի վայր, որտեղ չի խախտվի մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը, չի փակվի ճանապարհի բանուկ մասը»:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում արդեն 7 օրն է, շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով Բաղրամյան փողոցում սկսված նստացույցի 6–րդ օրը` հունիսի 27–ին, նախագահ Սերժ Սարգսյանն խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ մինչեւ ՀԷՑ–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող` միջազգային աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,93 դրամը։
Եթե աուդիտի արդյունքում հաստատվի թանկացման հիմնավորվածությունը, այդ պահից սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով, եթե այն անհիմն ճանաչվի, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավելի վճարված գումարը հետ գանձելու եւ թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Բացասական եզրակացության դեպքում, ըստ նախագահի, հնարավոր է ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխություն` չբացառելով նաեւ այն պետությանը վերադարձնելու եւ մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը:
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի 6,93 դրամով բարձրացման ՀԾԿՀ-ի հունիսի 17-ին կայացրած որոշումը:





























