Ժողովուրդը ճիշտ պահանջ է դրել եւ իշխանությունը պետք է կատարի այն։ Այդ մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրուցյում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը։
«Սերժ Սարգսյանը, իհարկե, գնաց զիջման, բայց մինչեւ վերջ չգնաց, կիսատ թողեց ժողովրդի պահանջը։ Ես այստեղ եմ, որ եթե ժողովրդին վտանգ սպառնա, կենդանի պատի կազմում լինեմ եւ պաշտպանեմ ժողովրդին»,- ասել է նա։
Հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:



























