Էլեկտրաէներգիան պետք է չթանկանա: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, Ազատության հրապարակում լրագրողներին ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրոն), որն այս պահին համերգ է տալիս Ազատության հրապարակում՝ ի աջակցություն հոսանքի դեմ բողոքի:
«Միացել եմ այս պայքարին, որովհետեւ արդարության կողմնակից եմ, ուզում եմ, որ մեր երիտասարադներից մի մազ չպակասի, որովհետեւ նրանք քաղաքակիրթ ձեւով են պայքարում: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ինչպես բոլորին, ինձ նույնպես անհանգստացնում է, ես կողմնակից եմ, որ այդ հարցն իր արդարացի լուծումն ունենա»,-ասաց նա:
Նշենք, որ Արսեն Գրիգորյանը Բաղրամյան պողոտայում նույնպես մասնակցել է «Կենդանի պատ» կազմելուն:
Հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:



























