Բաղրամյանում պողոտայում հավաքված ժողովրդի պահանջն ավելի խորը արմատներ ունի եւ միայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ չ ի պայմանավորված։ Այդ մասին Բաղրամյան պողոտայում լրագորղների հետ զրույցում ասել է սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, որն այցելել էր ցուցարարներին։

«Այստեղ հավաքված ժողովրդի պահանջը արդար է։ Ես գտնում եմ, որ այս շարժման մեջ ավելի խորը պահանջներ կան ընդդեմ իշխանությունների, կառավարության։ Հոսանքի թանկացումը առիթ դարձավ, որ այսպիսի բողոքի ալիք բարձրանար։ Ես հիմա Բաղրամյան պողոտա եմ եկել՝ իրավիճակին ավելի մոտիկից ծանոթանալու, գնահատելու համար։ Եւ գտնում եմ, որ հավաքվածների պահանջը արդարացի է»,- նշեց նա։ 

Հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: