«Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը կարող է հետաձգվել՝ Թուրքիայի համար գազի գնի շուրջ վեճի պատճառով: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների:
«Գազպրոմ»-ն ու Թուրքիայի պետական էներգետիկ Botas ընկերությունը վեց ամսվա ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ գնի շուրջ: Գործակալության փոխանցմամբ, պայմանագրի գործողության ժամկետը լրացել է հունիսի 29-ին, սակայն կողմերը նախկինի պես համաձայնության չեն հասնում գնի շուրջ:
Առանց նոր համաձայնագրի թուրքական կողմը մտադիր չէ որեւէ պարտավորեցնող փաստաթուղթ ստորագրել, ինչը կարող է առնվազն մինչեւ հոկտեմբեր շինարարության հետաձգման պատճառ դառնալ: Միաժամանակ, «Գազպրոմ»-ի եւ Botas-ի միջեւ գնային վեճը կարող է փոխանցվել Միջազգային արբիտրաժ:
Ըստ Gazeta-ի, ռուսական իշխանությունները «Թուրքական հոսք»-ի շինարարության մասին հայտարարեցին, որպեսզի ամբողջությամբ հրաժարվեն Ուկրաինայի տարածքով գազի տարանցումից: Սակայն անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց ուկրաինական կողմի հետ խորհրդակցություններ անցկացնել տարանցման պայմանագրի շուրջ, որի գործողությունն ավարտվում է 2019 թվականին:





























