Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողների բողոքը ստացվել է եւ դրա պատճառը երիտասարդների չքաղաքականացված լինելն էր: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Քոչարյանը:

«Ինձ համար երիտասարդների մոտ շատ բան ստացվեց, շատ էլ փորձեն, չեն կարող փչացնել երեխեքին: Ոչ մի բան էլ չկարողացան անել, հիմար խոսակցությունններ են, թե ծախվեցին, վախեցան: Եթե աուդիտը որոշի, որ պիտի թանկանա, համոզված եմ, որ տղաները դուրս են գալու պայքարի: Ակցիան ստացվեց, իսկ վերելքներ ու վայրէջքներ պետք է լինեին, բնական է: Երիտասարդներն անփորձ էին, չկային լիդերներ, հռետորներ, երիտասարդների ուժն իրենց անկազմակերպվածության մեջ էր տվյալ պարագայում»,- ասաց նա:

Կարեն Քոչարյանի խոսքով՝ ցուցարարների միջեւ պառակտում տեղի չի ունեցել, պարզապես նրանք որոշ հարցերում համակարծիք չեն եղել:

«Յուրաքանչյուր պրոցես ունի իր լոգիկան, այդ լոգիկայի մեջ է նաեւ իրար հետ չհամաձայնելը, տարբեր մարտավարություն ունենալը, իրենք գալու են ընդհանուր հայտարարի»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ ակցիան հետզհետե մարում է, ինչն այս պահին նորմալ է:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պետք է դիտարկել երկու տեսանկյունից. որպես ոստիկանապետ եւ որպես մարդ, որը «մի պահ իրավունք ունի անջատվել ու զգալ իրեն որպես ՀՀ քաղաքացի»:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։