Տարածքների փոփոխության հետ կապված հարցերը կարող են քննարկվել միայն այն ձեւաչափով, որը հաշվի է առնում պատմական արդարության վերականգնումը, անվտանգության միջոցառումները եւ տեղում առկա իրականությունը։ Այս մասին իտալական IlGiornale.it կայքի հետ հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Հարցին, թե միջազգային ճանաչման դիմաց պատրա՞ստ են փոփոխության ենթարկել սահմանները, նա պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղի սահմանադրությամբ մեր հսկողության տակ գտնվող բոլոր տարածքները երկրի մաս են կազմում միեւնույն ձեւով: Տարածքների հետ կապված հարցերը կարող են քննարկվել միայն այն ձեւաչափով, որը հաշվի է առնում պատմական արդարության վերականգնումը, անվտանգության միջոցառումները եւ տեղում առկա իրականությունը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն անդրադառնալով Միրզոյանը նշել է. «Մենք ունենք շատ անկեղծ հարաբերություններ նրանց հետ: Նրանք շատ լավ գիտեն ոչ միայն կառավարության դիրքորոշումը, այլ՝ նաեւ բնակչության: Մեր բոլոր խաղաքարտերը սեղանին են, եւ պատրաստ ենք պարզ եւ ազնիվ ձեւով քննարկել՝ առանց մեր համոզմունքներից հրաժարվելու»:

Հարցին, թե պատրա՞ստ եք կոլեկտիվ փոխհատուցման ծրագրին սեփականությունը կորցրած փախստականների համար, կամ հնարավոր ադրբեջանական փոքրամասնություն ընդունել, եթե Լեռնային Ղարաբաղը միջազգային ճանաչում ստանա, ԼՂՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Ամեն ինչ կարող է քննարկվել, եթե լինեն անմիջական բանակցություններ: Ադրբեջանը հրաժարվում է բանակցել մեզ հետ, այն բանակցում է Հայաստանի հետ: Փախստականներ եղել են երկու կողմերից էլ: Նրանք, ովքեր եկել են այստեղ, չեն ունեցել ոչ մի միջազգային օգնություն, բացի Հայաստանի եւ սփյուռքի հայերից: Դա մարդասիրական խնդիր է, որը պատերազմի հետեւանք է: Հնարավոր չէ լուծել հակամարտության հետեւանքները, եթե նախ չես լուծում դրանց պատճառները»: