Իրանի հավաքականն իր ամենաթույլ կազմով «Հրազդան» ստադիոնում առավելության հասավ Հայաստանի ազգային հավաքականի նկատմամբ:
Հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկան, հիմնականում, Իրանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ: Հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականը: 38-րդ րոպեին Աղվան Մկրտչյանի հեռվից կատարած փոխանցումն Իրանի հավաքականի դարպասապահի սխալի շնորհիվ ավարտվեց գոլով: 52-րդ րոպեին Լեւոն Պաչաջյանը չկարողացավ գոլի վերածել Մարկոսի վաստակած 11 մետրանոց տուգանային հարվածը: Հանդիպման վերջնամասում հյուրերը Մոհամեդ Նոսրատիի երկու գոլերի շնրոհիվ հաղթանակ կորզեցին: Նոսրատին աչքի ընկավ 69-րդ և 71-րդ րոպեներին: 80-րդ րոպեին Իրանի հավաքականը մնաց տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Ջավադ Նեկունամը:
Սակայն, նույնիսկ տասը ֆուտբոլիստներով Իրանը գնդակ խփեց: Ավելացրած ժամանակում Ստեփան Ղազարյանը տուգանային հրապարակում խախտեց կանոնները: 11 մետրանոցն Իրանի հավաքականը հաջողությամբ իրացրեց եւ 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ:
Սա Հայաստանի հավաքականի, Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ, վերջին ստուգողական հանդիպումն էր:




























