Հանրահայտ շեֆ-խոհարար Ջեֆրի Զաքարյանը հրաժարվել է իր սեփական ռեստորանը բացել ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ, միլիարդատեր Դոնալդ Տրամպի նոր շքեղ հյուրանոցում, որը տեղակայված է Վաշինգտոնի պատմական փոստի շենքում: Պատճառը մեքսիկացի ներգաղթյալների մասին Տրամպի սադրիչ հայտարարություններն են:

Ըստ «The New York Times»-ի, Մանհեթենի «Lambs Club» եւ այլ ռեստորանների համասեփականատեր, հանրահայտ շեֆ-խոհարար Ջեֆրի Զաքարյանը պատրաստվում էր իր «National» ռեստորանի մասնաճյուղը բացել նոր հյուրանոցում: Սակայն հուլիսի 9-ին նա հայտարարել է, որ հրաժարվում է ծրագրից:

Զաքարյանից բացի, ծրագրից հրաժարվել է նաեւ շեֆ-խոհարար Խոսե Անդրեսը, քանի որ նրա թիմի անդամների կեսից ավելին, ինչպես նաեւ հյուրերի մեծ մասը լատինաամերիկացիներ են: Ջեֆրի Զաքարյանը նաեւ նշել է. «Zakarian Hospitality»-ում աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ ներգաղթյալներ են աշխատում»:

Դոնալդ Տրամպը հունիսին հայտարարել էր, որ մեքսիկացի որոշ ներգաղթյալներ իրենց հետ թմրանյութեր են բերում ԱՄՆ, իսկ ոմանք հանցագործներ են: Չորեքշաբթի Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի ղեկավար Ռեյնս Պրիբուսը կանչել էր Տրամպին եւ խնդրել ավելի զուսպ հայտարարություններ անել:

Նշենք, որ Ջեֆրի Զաքարյանն ու նրա ծնողները ծնվել են ԱՄՆ-ում: Նրանց նախնիները Հայաստանից եւ Լեհաստանից ԱՄՆ են ներգաղթել շուրջ 100 տարի առաջ: