Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի եւ Մարսելի 11 եւ 12-րդ շրջանի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի ուղեկցությամբ այցելել է հայկական Բոմոն թաղամասում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Քաղաքապետը երեւանյան պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Մարսելի 11 եւ 12-րդ շրջանի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն նշել է, որ Մարսելի հայկական ու հայաշատ թաղամասում գտնվող հուշահամալիրն առանձնանում է ոչ միայն որպես ճարտարապետական կառույց, այլեւ առանձնակի խորհուրդ ունի որպես պատմական ուղեցույց ինչպես տեղի հայ համայնքի, այնպես էլ Մարսելի ողջ բնակչության համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաեւ հուշահամալիրի հարեւանությամբ այս տարի տեղադրված հուշաքարը, որը Մեծ եղեռնից մազապուրծ  հայ մայրերի ու նրանց ժառանգների յուրովի խոնարհումն է` ի հիշատակ 1915թ.-ին զոհված հայ կանանց:

Տեղում Երեւանի քաղաքապետը շփվել է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են փոխանցել Տարոն Մարգարյանին՝ Երեւանի եւ Մարսելի վերջին տարիների արդյունավետ համագործակցության համար, ընդգծելով, որ երկուստեք փոխգործակցությունը շատ կարեւոր է մարսելահայության համար: Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ երկու քաղաքների փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա են ու շարունակելու են ամրապնդվել: