Ֆրանսիայի ազգային տոնի (Բաստիլի գրավման օրը) առթիվ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 14-ին, այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ

Մեծարգո պարոն Նախագահ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց, բարգավաճում եւ միջազգային դիրքերի շարունակական ամրապնդում։

Վերահաստատում եմ իմ անձնական նվիրվածությունը հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը եւ մեր երկրների միջեւ հաստատված առանձնաշնորհյալ հարաբերություններին:

Գոհունակություն եմ հայտնում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, որի վառ դրսեւորումն են նաեւ վերջին շրջանի մեր պարբերական հանդիպումները:

Մեծապես գնահատելի է Ձեր մասնակցությունը ապրիլի 24-ին Երեւանում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը, ինչը մեկ անգամ եւս ընդգծեց Ձեր երկրի եւ անձամբ Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ իրականացված ծանրագույն ոճրի կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին։

Հայաստանը մեծապես կարեւորում է Ֆրանսիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում եւ բարձր է գնահատում համանախագահների հետեւողական ջանքերը` ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել եւ խորացնել Հայաստանը եւ Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով` ի շահ մեր ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը: