Եկամտահարկի նոր ռեժիմը կակտիվացնի Հայաստանում բնակարանաշինությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի (շինանյութ արտադրող եւ արտահանող ընկերություն) ֆինանսական տնօրեն Սերգեյ Դուրախանյանը:
Նա հիշեցրեց, որ 2015 թվականի սկզբից Կառավարությունը քաղաքացիներին կվերադարձնի հիփոթեքի տոկոսների չափով եկամտահարկը, եթե բնակարանը ձեռք բերվի հենց կառուցողից:
«Մենք արդեն նկատում ենք արդյունքը. ե՛ւ ընկերությունը՝ շուկայում, ե՛ւ ես ինքս՝ իմ շրջապատում: Իմ մի քանի ծանոթներ արդեն օգտվել են այդ հնարավորությունից: Այնպես որ՝ առաջիկա ամիսներին բնակարանաշինության ոլորտում ակտիվացում է սպասվում»,- ընդգծեց Դուրախանյանը:





























