Գյումրիում ապրիլի 18-ին մոր եւ դստեր՝ Քնար եւ Ալվարդ Շահումյանների սպանությունը դեռ չի բացահայտվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Նրա խոսքով՝ գործով դեռեւս կասկածյալ կամ մեղադրյալ չկա, սակայն իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են՝ սպանությունը բացահայտելու համար:
«Քննչական գործողություններն ընթացքի մեջ են, նաեւ համապատասխան միջնորդագրեր են ներկայացվել: Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Մհեր Մկրտչյան 34Ա շենքի բնակարաններից մեկում 2015թ. ապրիլի 18-ին հայտնաբերել են մոր ու աղջկա մարմինները՝ դանակահարված վիճակում: Թաղամասում տարածված տեղեկությունների համաձայն` տունը տակն ու վրա արված է եղել, ենթադրվում է, որ ավազակային հարձակում է եղել: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ սպանված հայտնաբերված մոր եւ դստեր վրա դանակի բազմաթիվ հարվածների հետքեր կան:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ եւ 104-րդ հոդվածների (ավազակային հարձակում եւ սպանություն) հատկանիշներով:



























