Գյումրիում խաղաղ նստացույցի մասնակիցները եւս 10 օրով երկարացրել են իշխանություններին տված վերջնաժամկետը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստ Կարեն Պետրոսյանը:
Նա նշեց, որ երեկ Գյումրիում հավաքվել էին ակտիվիստները, ովքեր քննարկել են ստեղծված իրավիճակը, որոշել են այսօր հայտարարություն անել: Կարեն Պետրոսյանը նշեց, որ փաստաբանը քրեական գործը կարճելու մասին միջնորդություն է ներկայացրել դատախազություն, ակնկալում են պատասխան 10 օրվա ընթացքում: Այդ ընթացքում նրանք կսպասեն, ու եթե ցանկալի արդյունք չլինի, ապա կդիմեն գործողությունների: Կարեն Պետրոսյանը նշեց նաեւ, որ իրենց պահանջը չի փոխվել, շարունակում են պնդել բարելավել Շիրակի մարզի ոստիկանական համակարգը:
Իսկ թե ցանկալի արդյունքի չհասնելու դեպքում ինչ են պատրաստվում անել, ակտիվւիստը նշեց՝ տարբեր բաներ՝ ցույցեր եւ քաղաքացիական անհնազանդության այլ գործողություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 8-ին հոսանքի թանկացման դեմ Գյումրիի խաղաղ նստացույցի մասնակիցները հաղորդագրություն էին տարածել, որով իշխանություններին ժամանակ էին տվել կարճել ակտիվիստ Կարեն Պետրոսյանի նկատմամբ հարուցված ապօրինի քրեական գործը: Հուլիսի 14-ին լրանում է նրանց տված վերջնաժամկետը: Կարեն Պետրոսյանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ու նստացույց հայտարարած գյումրեցի ակտիվիստներից է, ում հունիսի 23-ին բերման էին ենթարկել ոստիկանական Կումայրիի բաժին, ապա մեղադրանք առաջադրել՝ խուլիգանության հատկանիշներով:




























