Ուկրաինայում մեկնարկել է սիրողական բռցքամարտի կանանց «Նիկոլաեւի գավաթ» ավանդական միջազգային մրցաշարը: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի եւ եվրոպական կոնֆեդերացիայի Ա կարգի մրցաշարին մասնակցում են Ուկրաինայի, Ռուսաստանի, Էստոնիայի, Շվեդիայի, Հայաստանի, Նորվեգիայի, Մոլդովայի, Կանադայի, Թուրքիայի եւ Բելառուսի 64 մարզուհիներ: Այս մրցաշարը սեպտեմբերի 7-19-ը Բարբադոսում կայանալիք բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության կարեւոր նախապատրաստական փուլ է: Իսկ 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարին առաջին անգամ կմասնակցեն նաեւ կանայք: Նրանք հանդես կգան երեք քաշային կարգերում (51 կգ, 60 կգ , 75 կգ):  Ուկրաինայում առաջին անգամ ռինգ էին դուրս եկել նաեւ հայ բռնցքամարտուհիները: 

81 կգ քաշային կարգում Աշխեն Սիմոնյանը հենց առաջին մենամարտում ստիպված էր հանդիպել աշխարհի եռակի չեմպիոն ռուսաստանցի Իրինա Սինեցկայայի հետ: Գրանցվեց մրցաշարի ամենակարճատեւ մենամարտը: Արդեն առաջին ռաունդի կեսին Սինեցկայայի բացահայտ առավելության պատճառով մրցավարը դադարեցրեց պայքարը` հաղթանակը շնորհելով ռուսաստանցի բազմափորձ մարզուհուն:

Գրեթե նույն պատկերն էր 75 կգ քաշային Աննա Հովհաննիսյանի եւ ուկրաինացի Լիլիա Դուրնեեւայի մենամարտում: Առաջին ռաունդում մեր մարզուհին երեք անգամ հայտնվեց նոկդաունում եւ դուրս մնաց պայքարից: 51 կգ Հայկուհի Նահապատյանը նոկաուտով պարտվեց ուկրաինացի Տատյանա Կոբին: 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանն էլ տանուլ տվեց ռուսաստանցի Ելենա Ուստինովային: