Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել զորամասում 1.5 տարի առաջ մահացած շարքային զինծառայող Վանիչկա Հովակիմյանի հոր հայցը, որով բողոքարկում էր նախորդ երկու ատյանների կայացրած որոշումը: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մերի Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ այսքանով Վանիչկայի գործը կարելի է ավարտված համարել, քանի որ ինքը ներկայացնում է Հանրային պաշտպանի գրասենյակը, որը գործառույթներ է իրականացնում միայն Հայաստանի սահմաններում:
Նշենք, որ փետրվարի 16-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել գործով մեղադրվողների վերաբերյալ առաջին ատյանի որոշումը, որի համաձայն՝ 20-ամյա Շմավոն Կուրեխյանին դատապարտել է 7 տարվա, 21-ամյա Պարույր Մկրտչյանին՝ 5 տարի 6 ամիս, 29-ամյա Արման Մուրադյանին՝ 3 տարվա ազատազրկման։ 20-ամյա Նարեկ Միտոյանին դատարանը նշանակել է պայմանական պատիժ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել էր ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել էին նրա թողած գրությունը. Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է, սակայն գողության մեջ իրեն են մեղադրում։



























