ԱՄՆ-ը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Հարավային Կովկասի տարածաշրջանին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը՝ ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտում:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Վաշինգթոնից, Ռուբինն ընդգծել է, որ ներկա իրավիճակը Հարավային Կովկասում անընդունելի է:

«Ստատուս քվոն տարածաշրջանում անընդունելի է, այն չի բավարարում ոչ ԱՄՆ-ին, ոչ էլ, կարծում եմ, տարածաշրջանի երկրներին: Դժվար թե տարածաշրջանի որեւէ պետության կառավարություն կամ ժողովուրդ համաձայնի, որ ներկա վիճակը նորմալ է եւ կարող է այդպես մնալ, ավելի շուտ ճիշտ հակառակն է»,-հայտարարել է նա:

Ռուբինի խոսքով, վերջին տարիներին Հարավային Կովկասում Վաշինգթոնի կարեւորագույն ձեռքբերումներից մեկը Հարավային Կովկասի նկատմամբ քաղաքականության համակարգումն է ԵՄ-ի հետ:

«Դրա համար մենք մի քանի տարի ծախսեցինք, բայց մենք հասանք նրան, որ ներկայումս մենք միասնական քաղաքական ուղղություն ունենք եւ տեղում տեղեկատվություն ենք փոխանակում»,-պարզաբանել է ամերիկացի դիվանագետը:

Ռուբինը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացմանը, քանի որ տնտեսությունն ազդում է կայունության ամրապնդման, իսկ իրավիճակի վատացման դեպքում՝ նաեւ ապակայունացման վրա: Մասնավորապես, ԱՄՆ-ը ցանկանում է նպաստել, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի զարգացած ենթակառուցվածքներով գլոբալ տրանսպորտային հանգույցի, ինչը հսկայական հնարավորություններ կստեղծեր տարածաշրջանի բնակիչների համար: Հենց դրան են ուղղվելու ամերիկյան կողմի ջանքերը:

Ռուբինի խոսքով, արդեն մեկ տարի անց բեռնատար կոնտեյները Չինաստանից կարելի է հեշտությամբ հասցնել Հարավային Կովկաս, ապա Եվրոպա:

«Հայաստանը դեռեւս դուրս է մնում նման նախագծերից, սակայն մենք միանշանակ հայտարարում ենք, որ այդ պլանների հաջող իրագործման համար, դրանցում պետք է ներգրավված լինեն տարածաշրջանի բոլոր երկրները, իսկ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն»,-ընդգծել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: