«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները չեն վստահում իշխանություններին։ Այս մասին հուլիսի 16-ին կայացած Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը։
«Գործարանի մոտ մոտավորապես 500 մարդ է հավաքվել։ Դա քիչ չէ։ Մարդիկ անհանգստանում են, որովետեւ մտածում են, որ որոշներին կվճարեն, իսկ մյուսների համար գումարը չի հերիքի։ Այդ պատճառով էլ ուզում են պարտքը միանգամից ստանալ։ Իշխանությունների նկատմամբ վստահություն չկա»,- ասել է Հակոբյանը։
Գործարանի աշխատակիցների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել մարել աշխատավարձերի պարտքը, որը կազմում է 5 մլրդ 310 մլն դրամ։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նիստի ժամանակ հայտնել էր, որ վճարման գործընթացը կարող է տեւել 10-15 օր։





























