Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերություններում կարելի է դրական առաջընթաց արձանագրել, այն դեպքում, երբ նախկինում անորոշություն էր նկատվում Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականության պատճառով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում օգոստոսի 13-ին հայտարարել  է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, երկկողմ հարաբերությունների ակտիվացման վկայությունը ՌԴ կառավարության որոշումն էր` Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին: Մանոյանը դեռ չի պարզել, թե ո՞րն է նման շտապողականության պատճառը, եթե ռուսական ռազմակայանի ժամկետն ավարտվում էր 2017թ: Նրա կարծիքով, ըստ ամենայնի, Ռուսաստանը ցանկանում էր ապահովագրել իրեն: «Մյուս կողմից Ռուսաստանը հավասարակշռում էր ռազմական համագործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այդկերպ, Մոսկվան  փորձում է պահպանել հավասարակշռությունը տարածաշրջանում եւ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը»,- ասել է նա:  Տարածաշրջանի միաբեւեռությունը, ըստ Մանոյանի, վտանգավոր է: Անհրաժեշտ է նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ներկայությունը: