Հայաստանի պետական պարտքը կառավարելի է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի պետական պարտքը կազմում է 4,6 մլրդ դոլար, որից 3,5 մլրդ-ը կառավարության պարտքն է, 450 մլն-ը՝ ԿԲ-ինը: 2014 թվականի վերջին պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի մոտ 40ն4 տոկոսը: Իսկ հանրապետությունում գործող օրենսդրությամբ «կարմիր գիծը» 60 տոկոսն է, հետեւաբար մտահոգվելու հիմքեր չկան:
«Շատ կարեւոր է, որ նոր վարկերը նպաստեն արտահանման աճին, եւ առաջին հերթին պատրաստ արտադրանքի, ոչ թե հումքի եւ մետաղական խտանյութերի: Մենք պետք է շեշտը դնենք արդյունաբերական եւ բարձրտեխնոլոգիական, այդ թվում պաշտպանական նշանակության արտադրանքի արտահանման վրա: Դրան նպաստում է նաեւ Ռուսաստանի հետ վերջերս կնքված համաձայնագիրը՝ ռազմաարդյունաբերական համագործակցության մասին»,-ընդգծել է Թավադյանը՝ հավելելով, որ արտահանումը դեռեւս կազմում է ՀՆԱ 15 տոկոսը, եւ պետք է այդ ցուցանիշը գոնե կրկնապատկել:





























