Ընտրիչների ինստիտուտը ներմուծելու նպատակն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես մասնակցեն ընտրությանը։ Այս մասին այսօր` հուլիսի 16–ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հիշեցնելով, որ ըստ նոր Սահմանադրության նախագծի` ընտրիչների մարմինը բաղկացած է լինելու պատգամավորներից եւ տեղական ինքնակառավարման մարմիններից։

«Եթե, ասենք, Հանրապետական կուսակցությունը ստանում է մեծամասնություն խորհրդարանում, ապա իր ցանկացած թեկնածուին առաջադրում է նախագահի պաշտոնում, եւ, բնականաբար, հենց նրա առաջադրած թեկնածուն է ստանում նախագահի պաշտոնը։ Նախագահին ընտրում է ընտրիչների մարմինը։ Ընտրիչների ինստիտուտը նրա համար է, որ նախագահի ընտրությանը մասնակցեն նաեւ ՏԻՄ–երը, որ լսենք նաեւ համայնքների ձայնը, որպեսզի ամեն ինչ չկենտրոնանա ԱԺ պատգամավորների ձեռքում։ Այն ավելի լայն ժողովրդավարություն է ապահովում»,– ասաց Շարմազանովը` նշելով, որ այս ինստիտուտի հետ կապված մյուս մանրամասները կքննարկվեն արդեն Ազգային ժողովում։